Պաշտպանին առընթեր խորհուրդներ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ՝ Պաշտպան) առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կազմավորման եւ գործունեության կարգը, նպատակը, գործառույթները, Խորհրդի անդամների կարգավիճակը, նրանց լիազորութ¬յունների կասեցման եւ դադարեցման հիմքերը:
2. Խորհուրդը գործում է սույն կարգով սահմանված կարգավիճակի ծավալով եւ իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ սույն կարգով:
3. Խորհուրդը գործում է գաղտնիության, օրինականության, արդարության, թափանցիկության եւ անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով՝ սույն կարգով սահմանված գործառույթների ծավալով եւ Պաշտպանի որոշմամբ նախատեսված ժամկետով:
ԳԼՈՒԽ 2.
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
5. Խորհուրդը ձեւավորվում է Պաշտպանի որոշմամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ (կամ) անկախ մասնագետներից: Խորհրդում կարող են ընդգրկվել կամ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ զինվորական ծառայություն անցնող կամ պահեստազորում հաշվառված զինծառայողներ կամ զինծառայողի ընտանիքի անդամներ:
6. Խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը, իսկ Պաշտպանի բացակայության դեպքում` նրա որոշմամբ Պաշտպանի համապատասխան տեղակալը:
7. Խորհուրդն ունի քարտուղար, որի պարտականությունները կատարում է Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների հարցերով պատասխանատու պաշտոնատար անձը:
8. Խորհրդի անդամները Խորհրդում ընդգրկվում են Պաշտպանի որոշմամբ՝ մինչեւ 2 տարի ժամկետով:
9. Խորհուրդը բաղկացած է ոչ պակաս, քան 5 եւ ոչ ավելի, քան 10 անդամից:
10. Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խորհրդում կարող է ունենալ առավելագույնը մեկ ներկայացուցիչ:
11. Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Խորհրդի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
13. Խորհրդում հասարակական կազմակերպության ներկայացուցչի կամ անկախ մասնագետի ընդգրկման հարցը լուծելիս նախապատվությունը տրվում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատանքի մասնագիտություն կամ համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձանց:
ԳԼՈՒԽ 4.
ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
14. Խորհրդի նպատակը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է:
15. Խորհրդի խնդիրներն են՝
1) աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների (այսուհետ՝ զինծառայողներ) իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ.
2) նպաստել զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության եւ իրազեկվածության բարձրացմանը.
3) զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումը եւ դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելը.
4) զինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված գործող օրենսդրության ուսումնասիրությունների եւ վերլուծությունների իրականացման, օրենսդրության մեջ առկա թերությունների վերհանման, զինվորական իրավահարաբերությունների կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրության, այցելությունների իրականացման հիման վրա Պաշտպանի աշխատակազմին մասնագիտական կարծիք եւ փորձագիտական գնահատական տրամադրելը.
5) Պաշտպանի՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակներում, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին սոցիալ-հոգեբանական եւ իրավական աջակցության տրամադրումը:
16. Խորհրդի անդամը կամ Խորհրդի նիստերին մասնակցող անձն իրավունք չունի`
ա) առանց Պաշտպանի համաձայնության հրապարակել զինծառայողների անձնական կյանքի վերաբերյալ տվյալները.
բ) Խորհդի նիստերի ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները տրամադրել որեւէ կազմակերպության, դրանք օգտագործել անձնական կամ այլ նպատակներով.
գ) Խորհրդի անդամի կարգավիճակից բխող դիրքն օգտագործել Խորհրդի գործունեության շրջանակներից դուրս այլ գործողություններ իրականացնելու նպատակով.
դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն Կարգին հակասող գործողություններ:
17. Պաշտպանը օրենքի պահանջների պահպանմամբ կարող է Խորհրդի քննարկմանը ներկայացնել Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խորհրդի անդամը, օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, Պաշտպանի ներկայացմամբ իրավունք ունի մասնակցել Պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հարցերի քննարկմանը:
18. Խորհրդի անդամն իրեն վերապահված իրավունքները կարող է իրականացնել միայն սույն Կարգով նախատեսված նպատակի եւ խնդիրների իրականացման համար:
ԳԼՈՒԽ 5.
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ, որոնք վարում է Պաշտպանը, իսկ Պաշտպանի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ Պաշտպանի համապատասխան տեղակալը:
20. Խորհրդում կարող են քննարկվել զինծառայողների իրավունքների ապահովման վերաբերյալ ինչպես տեղական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցները կամ հաշվետվությունները, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ զինվորական իրավահարաբերությունների կարգավորման, զինապարտների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները եւ ոլորտի առնչվող այլ հարցեր:
21. Խորհրդի նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում դռնփակ, իսկ Խորհրդի գրավոր որոշմամբ՝ նաեւ դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
22. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատողները:
23. Խորհրդի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգի մասին:
24. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
25. Խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ են քվեարկել Խորհրդի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
26. Խորհրդի անդամները նիստերի ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումը գրավոր կամ բանավոր ձեւով արտահայտելու հարցում:
27. Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Պաշտպանի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
ԳԼՈՒԽ 6.
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
28. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են Պաշտպանի որոշմամբ, եթե` նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Խորհրդի անդամի լիազորությունները կարող են կասեցվել նաեւ Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան պատճառաբանված միջնորդության առկայության դեպքում:
Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վերականգնվել Պաշտպանի որոշմամբ, եթե վերացել են սույն կետի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված հանգամանքները:
29. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Պաշտպանի որոշմամբ, եթե`
ա) լրացել է նրա լիազորությունների ժամկետը.
բ) առկա է նրա դիմումն իր լիազորությունների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.
գ) առկա է Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան միջնորդությունը.
դ) առկա է նրա թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ.
ե) նա լիազորություններն իրականացնելիս կատարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն Կարգի պահանջները խախտող գործողություններ.
զ) նրա նկատմամբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
է) նա մահացել է:
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
30. Սույն Կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են Պաշտպանի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առաջարկությամբ:
- Արթուր Աթանեսյան
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Էմիլ Ամիրխանյան
Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու
- Դավիթ Գևորգյան
ԵՊՀ հոգեբանական կլինիկայի տնօրեն
- Սերգեյ Հարությունյան
«Օգնություն եւ իրավունք» ՀԿ նախագահ
- Տարոն Սիմոնյան
«Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու
- Արթուր Կոբելյան
«Հանրային զարգացմանեւ հոգեբանական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու
- Կարեն Հովհաննիսյան
«Հայոց ազգային բանակ» քաղաքացիական ծրագրի ղեկավար
- Համեստ Ներսիսյան
ԼՂՀ պաշտպանության բանակի կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ` Պաշտպան) առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կազմավորման և գործունեության կարգը (այսուհետ՝ Կարգ): Կարգը սահմանում է Խորհրդի կազմավորմանը և գործունեությանն առնչվող հարցերը, Խորհրդի նպատակը, գործառույթները, անդամների կարգավիճակը, նրանց լիազորությունների կասեցման և դադարեցման հիմքերը:
2. Խորհրդի ստեղծումը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական oրենքի (այսուհետ՝ Օրենք) հիման վրա Պաշտպանի` որպես «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ uահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում խորհրդատվական աջակցություն ստանալու անհրաժեշտությամբ:
3.Խորհուրդն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն Կարգով:
4. Խորհուրդը գործում է օրինականության, արդարության, թափանցիկության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
5. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով՝ Պաշտպանի որոշմամբ նախատեսված ժամկետով:
ԳԼՈՒԽ 2
ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
6. Խորհրդի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել Պաշտպանին` կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով պայմանավորված լիազորությունների իրականացման ընթացքում, այդ թվում՝ աջակցել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրների վերհանմանը և իրավասու մարմիններին և կազմակերպություններին դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացմանը:
7. Խորհրդում կարող են քննարկվել ազատությունից զրկման վայրերի կամ այդ վայրերում պահվող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները և զեկույցները, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը և համապատասխան առաջարկությունները, միջազգային և հասարակական կազմակերպությունների զեկույցները, ինչպես նաև խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում առկա համակարգային և հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:
ԳԼՈՒԽ 3
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
8. Խորհուրդը կազմավորվում է Պաշտպանի որոշմամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:
9. Խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը, իսկ նրա բացակայության դեպքում` իր որոշմամբ Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը:
10. Խորհրդում հասարակական կազմակերպության ներկայացուցչի կամ անկախ մասնագետի ընդգրկման հարցը լուծելիս նախապատվությունը տրվում է նրանց, ովքեր ունեն խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում մասնագիտական գործունեության փորձ:
11. Խորհուրդը բաղկացած է ոչ պակաս, քան 5 և ոչ ավելի, քան 15 անդամից:
12. Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խորհրդում կարող է ունենալ առավելագույնը մեկ ներկայացուցիչ:
13. Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Կարգին համապատասխան՝ Պաշտպանի որոշմամբ` Խորհրդի անդամների հետ քննարկման հիման վրա:
ԳԼՈՒԽ 4
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Խորհրդի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
15. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի, սոցիոլոգի, սոցիալական աշխատանքի մասնագիտություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
16. Խորհրդի անդամը միաժամանակ չի կարող լինել ազատությունից զրկման վայրերում կամ խոշտանգումների կանխարգելման ոլորտում մշտադիտարկման գործառույթներ իրականացնող հասարակական կամ որևէ այլ խմբի անդամ:
ԳԼՈՒԽ 5
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
18. Խորհրդի նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում դռնփակ, իսկ Պաշտպանի կամ Խորհրդի նախաձեռնությամբ՝ Պաշտպանի որոշմամբ անց են կացվում Խորհրդի ընդլայնված նիստեր:
19. Խորհրդի դռնփակ նիստերին մասնակցում է Կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգողը: Նիստերին կարող են մասնակցել նաև Պաշտպանի աշխատակազմի աշխատողները, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները:
20. Խորհրդի անդամներին նախապես տրամադրվում է նիստի օրակարգը:
21. Խորհրդի անդամները նիստերի ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումը գրավոր կամ բանավոր ձևով արտահայտելու հարցում:
ԳԼՈՒԽ 6
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
22. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում կամ կասեցվում են Պաշտպանի որոշմամբ:
23. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են կասեցվել, եթե նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ եթե Խորհրդի անդամների երկու երրորդը այդ մասին պատճառաբանված միջնորդություն է ներկայացրել Պաշտպանին:
24. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վերականգնվել Պաշտպանի որոշմամբ, եթե վերացել են սույն կետի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված հանգամանքները:
25. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե`
1) լրացել է նրա լիազորությունների ժամկետը.
2) առկա է նրա դիմումն իր լիազորությունների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.
3) առկա է Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան հիմնավորված միջնորդությունը.
4) առկա է նրա թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը՝ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ.
5) նա լիազորություններն իրականացնելիս կատարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն Կարգի պահանջները խախտող գործողություններ.
6) երկարատև հիվանդության պատճառով չի կարող կատարել Խորհրդի անդամի պարտականությունները.
7) մեկ տարվա ընթացքում երեք անգամ անհարգելի պատճառներով ներկա չի գտնվել Խորհրդի նիստերին.
8) նրա նկատմամբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
9) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով վերջինս ճանաչվել է անգործունակ.
10) նա մահացել է:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
26. Սույն Կարգում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Պաշտպանի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առաջարկությամբ:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
- Ավետիք Իշխանյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ
- Միքայել Արամյան
«Ընդդեմ իրավական կամայականության›› ՀԿ նախագահ
- Արշակ Գասպարյան
‹‹Սոցիալական արդարություն›› ՀԿ նախագահ
- Վարուժան Սեդրակյան
«Հայաստանի մանկական ասոցիացիա» ՀԿ
- Աննա Մարգարյան
ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ
- Սոնա Առաքելյան
Անկախ փորձագետ
սոցիալական աշխատանքի գծով
- Մարիամ Սարգսյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ