Երեխաներն իրենց տարիքային, մտավոր եւ ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ եւ կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության:

 

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորվեց իր օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներին:

 

Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է, որ երեխան իր անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո եւ ըմբռնման մթնոլորտում եւ որ, երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից  եւ ունենա Կոնվենցիայում նշված բոլոր իրավունքները:  

 

Երկրի բարեկեցության ամենակարեւոր նախադրյալներից է երեխաների շահերին նպատակաուղղված պետական քաղաքականությունը: 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որը հիմք հանդիսացավ Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտանության համակարգի ձեւավորման համար: Օրենքի 1-ին հոդվածը հստակ ամրագրեց, որ պետությունն ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության եւ որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

2002-2003 թվականներին ընդունվեցին երեխաների իրավունքների պաշտանության բնագավառում առանցքային նշանակություն ունեցող «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Առաջին անգամ սահմանվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները եւ ձեւերը, ինչպես նաեւ ընտանիքի եւ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունները, անչափահասների քրեական պատասխանատվության եւ պատժի առանձնահատկությունները։

 

2003 թվականին Հայաստանը Հանրապետությունը ստորագրեց ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի երկու կամընտիր արձանագրությունները, վավերացրեց ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման, արգելման եւ պատժի մասին» 2000 թվականի թիվ 2 արձանագրությունը, ինչպես նաեւ մշակեց Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը, որը ներառում էր նաեւ անչափահասների շահագործման խնդիրները:

 

2005 թվականին ընդունվեցին երեխաների իրավունքների հետ սերտորեն առնչվող «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքները, վավերացվեց «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» եւ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող» կամընտիր արձանագրությունները, ինչպես նաեւ «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին» կոնվենցիան:

 

Այնուամենայնիվ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռեւս առկա են մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են ինչպես  մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպություններ, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Մասնավորապես, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) դեռեւս 2013 թվականին իր ամփոփիչ դիտարկումներում նշել է, որ մտահոգիչ են ոլորտի իրավակարգավորումները (օրենսդրությունը): Կոմիտեին հատկապես մտահոգում է երեխաների իրավունքների ոլորտում արդեն իսկ գործող իրավական ակտերի անբավարար իրագործումը եւ կիրարկումը: Վերոնշյալ դիտարկումներում Կոմիտեն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ երեխայի` լսված լինելու իրավունքը չնայած ներառված է մի շարք օրենքներում, սակայն երեխաների տեսակետները կանոնավոր կերպով հաշվի չեն առնվում նրանց վրա ազդող տարբեր գործընթացներում:

 

Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն, որ ժամանակակից պետությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն երեխայի իրավունքների պաշտպանությունն է՝ 2016 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվեց Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանում:

 

Անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կիրականացնի նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգ։