Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք
- ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԳԼՈՒԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 4. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
- ԳԼՈՒԽ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- ԳԼՈՒԽ 7. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, Պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` պետական ծառայող) իրավական կարգավիճակի, նրանց պաշտոնի նշանակման և ազատման, դասային աստիճաններ շնորհելու, պետական ծառայության կազմակերպման և ղեկավարման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
ՀՈԴՎԱԾ 2. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
1. Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
2. Պաշտպանին է վերապահված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի` 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը (այսուհետ` կանխարգելման ազգային մեխանիզմ):
3. Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:
ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով:
ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՇՏՊԱՆԻ` ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Պաշտպանը կարող է անդամակցել կամ այլ կերպ ներգրավվել մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներին, ինչպես նաև չի ազդում նրա անկողմնակալության վրա:
3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն: