ՀՀ Սահմանադրություն

1․ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հոդված 191. Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները եւ լիազորությունները


1. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

2. Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:

4. Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

 

 Հոդված 192. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

 

1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

 

 Հոդված 193. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները

 

1. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

2. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

3. Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

4. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

6. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: