Հաճախ տրվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, ով հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Պաշտպանին կարող է դիմել ցանկացած անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից, այդ թվում նաեւ՝
1․ փախստականները, կանայք, երեխաները,
2․ ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձինք,
3․ զինապարտները, զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք,
4․ իրավաբանական անձինք,
5․ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները,
6․ պաշտոնատար անձինք, միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:
Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները:
Բողոքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվում է գրավոր կամ բանավոր կարգով: Գրավոր կարգով ներկայացվող բողոքները քաղաքացին անձամբ կարող է ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ուղարկել փոստային ծառայության միջոցով կամ ներկայացնել առցանց բողոք:
Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ սահմանված չէ, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմողի անուն-ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը:
Բողոքում պետք է նշվեն նաեւ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների մասին տեղեկությունները: Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կամ բողոք հասցեագրելու համար որեւէ վճար կամ պետական տուրք նախատեսված չէ:
Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք
1․ պետք է լուծվեն միայն դատական կարգով,
2․ վերաբերում են ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին,
3․ ներկայացվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին,
4․ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում,
5․ անանուն են կամ չեն պարունակում դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը եւ գտնվելու վայրը,
6․ պահանջ չեն պարունակում:
Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումը սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան:
Քննարկելով բողոքը եւ տեսնելով մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում՝ Պաշտպանն առաջարկում է տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները:
Պաշտպանը նաեւ նշում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ եւ կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:
Պաշտպանն իրավասու է առաջարկել իրավասու պետական մարմիններին՝ կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել այն պաշտոնատար անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկել օրենքով նախատեսված այլ գործողություններ:
Պաշտպանի գործունեությանը միջամտելը, պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, Պաշտպանին սպառնալը, վիրավորանք հասցնելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիների ընդունելություն իրականացնում են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ իր աշխատակազմի ներկայացուցիչները:
Նախքան Պաշտպանի մոտ քաղաքացու ընդունելության կազմակերպումը Պաշտպանի հանձնարարությամբ վերջինիս համար ընդունելություն կազմակերպում է դիմում-բողոքի քննարկման ընթացակարգն ապահովող աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
Ստորաբաժանման ղեկավարը, ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, ինքն է որոշում քաղաքացու ընդունելության կազմակերպումը Պաշտպանի մոտ: