Ուղերձ

Հարգելի' այցելու,

 

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պաշտոնական կայքում:

 

Մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերում ավելի ու ավելի է մեծանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությունը: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետությունում այդ ինստիտուտների գործունեությունն առավելապես ուղղված է ոչ միայն անհատական դիմումների հիման վրա անձի իրավունքների պաշտպանությանը եւ խախտված իրավունքների վերականգնմանը, այլեւ համակարգային իրավական խնդիրների վերհանմանն ու այդպիսով մարդու իրավունքների պաշտպանությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի` որպես Փարիզյան սկզբունքներին լիարժեք համապատասխանող ազգային հաստատության գործունեության իրավական հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով:

 

ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

 

Իր սահմանադրական առաքելությանն ու մանդատին համահունչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր ամենօրյա գործունեությամբ քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների եւ ազատությունների թույլ տրված խախտումները վեր հանելու, ինչպես նաեւ  դրանց վերացմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու ուղղությամբ:

 

Հուսով եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պաշտոնական կայքը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր քաղաքացու անմիջականորեն հետեւելու Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի գործունեությանը, ինչպես նաեւ Պաշտպանին առցանց դիմելու եւ ստանալու վերջինիս աջակցությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան