Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
2016 թվականի փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
2016 թվականի փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կրթությունը
2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2002-2004թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2004թ. ընդունվել է ցերեկային ուսուցմամբ ասպիրանտուրա՝ որպես ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:
2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը շարադրված է ռուսերեն լեզվով՝ «Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» թեմայով:
2011թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
2012-2013թթ. «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել եւ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (UPenn Law)՝ մագիստրոսական ծրագրով: Իրավունքի դպրոցին զուգահեռ՝ սովորել է նաեւ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն բիզնես դպրոցի (Wharton Business) գործնական կրթության ինստիտուտում:
Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում 2013 թ. նրան շնորհվել է պատվավոր մագիստրոսի վկայագիր:
Աշխատանքային գործունեությունը
2003թ. հունվար ամսից Արման Թաթոյանն աշխատել է «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» (ՇՄԻՊԿ, EPAC) ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ:
2004թ. աշխատանքի է անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես իրավական հարցերով մասնագետ, իսկ ապա՝ ավագ մասնագետ: Աշխատել է քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնում: Նրա մասնագիտացումը կապված է եղել ազատությունից զրկման վայրերում (այդ թվում՝ բերման ենթարկված) անձանց իրավունքների խախտումներին առնչվող հարցերի հետ: Արագ արձագանքման բաժնի ներկայացուցիչների հետ միասին Արման Թաթոյանը բազմիցս այցելել է փակ հաստատություններ (քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածների պահման վայրեր, հոգեբուժական հաստատություններ եւ այլն): Անմիջականորեն մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան եւ արտահերթ զեկույցների կազմմանը:
2007թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խորհրդական: Աշխատել է մինչեւ 2007թ. դեկտեմբեր ամիսը. հիմնական գործառույթը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նախագծերի կազմումը:
2007թ. դեկտեմբերից աշխատել է Միավորված ազգերի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ: Այդ կարգավիճակում ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության կանխարգելման ոլորտի՝ ՄԱԿ-ի կողմից օրենսդրական առաջարկների ներկայացման, համապատասխան ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:
Ծրագրի ավարտից հետո 2009թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես վարչության դատախազ:
Մինչեւ դատախազ նշանակվելը՝ Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ ղեկավարել է Քրեական գործերով արդար դատաքննության իրավունքի պաշտպանության վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները:
2009թ. որպես իրավական հարցերով խորհրդատու՝ համատեղությամբ աշխատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում փախստականների կարգավիճակի ամրապնդման ծրագրում:
ԵՄ ծրագրի շրջանակում 2009թ. ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի (OPCAT սկզբունքներին համապատասխան) գործունեությանը: Պատասխանատու է եղել քրեակատարողական հիմնարկներ ու այլ փակ հաստատություններ մոնիտորինգային այցերի իրականացման համար: Համակարգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի զեկույցների կազմման աշխատանքները: Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ՝ իրականացրել է նրան առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի ստեղծման, համապատասխան իրավական ակտի մշակման աշխատանքները:
ՄԱԶԾ (UNDP) ծրագրի շրջանակներում 2010թ. սկզբում ղեկավարել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմման մասնագիտական աշխատանքային խումբը: Զեկույցը վերաբերում է դատապարտյալների իրավունքների ապահովման միջազգային չափանիշների ուսումնասիրությանը:
2010թ. ապրիլից մինչեւ 2013թ. նոյեմբեր ամիսը համատեղության կարգով աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում:
Այնուհետեւ, մինչեւ 2012թ.-ը, աշխատել է որպես Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ:
2010-2014թթ. ad hoc սկզբունքով եղել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ:
2010թ. մինչ օրս հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ: Օրենսգրքի նախագծի հայեցակարգը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ դրա հիման վրա մշակված նախագծի տեքստն արդեն գտնվում է ՀՀ խորհրդարանում:
2011թ. ընթացքում, որպես ԵԱՀԿ իրավական հարցերով փորձագետ, կանադացի դատախազի հետ միասին մասնակցել է դատախազության բարեփոխմանն ուղղված ծրագրին եւ դրա արդյունքում զեկույցի կազմմանը:
2011թ. ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունից: Կոմիտեի պատվիրակության կազմում իրականացրել է մոնիտորինգային այցելություններ եվրոպական երկրների փակ հաստատություններ, ինչպես նաեւ մասնակցել է կոմիտեի զեկույցների կազմմանը, ներգրավված է եղել կոմիտեի աշխատանքային խմբերում:
2013թ. մարտ ամսից մինչ օրս որպես միջազգային խորհրդական՝ ներգրավված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից իրականացվող հատուկ ծրագրում, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական հանձնաժողովների գործունեության աջակցության եւ խոշտանգումների կանխարգելման հետ: Այս կարգավիճակով իրականացրել է ուսուցումներ ՌԴ դիտորդական հանձնաժողովների փորձագետների համար: Մասնակցել է նաեւ ՌԴ քրեական օրենսգրքի՝ խոշտանգմանն առնչվող դրույթների բարեփոխմանն ուղղված քննարկումներին:
2013թ. նոյեմբերից մինչ 2016թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ պատասխանատու է խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովման համար: Հանդիսանում է ԵԽ եւ ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում պատասխանատու ներկայացուցիչ: Իրեն վերապահված իրավասության սահմաններում համակարգում է քրեական դատավարության, քրեական, ինչպես նաեւ քրեակատարողական նոր օրենսգքերի նախագծերի մշակման աշխատանքները:
Նախարարի տեղակալ նշանակվելու հետ միասին նշանակվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ: Մասնակցում է Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ գանգատների քննությանը: Իր իրավասության սահմաններում Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում անմիջականորեն ղեկավարում է ՀՀ օրենսդրության բարեփոխման աշխատանքները (խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի բարեփոխում, ոչ նյութական վնասի հատուցման համակարգի ներդրում, ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության իրավունքի իրականացման մեխանիզմի բարեփոխում եւ այլն): Վերոգրյալից բացի, Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի համակարգմամբ, ղեկավարում է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանն առնչվող բարձրաստիճան քննարկումները՝ ԵԽ քարտուղարության ղեկավար կազմի հետ: Մասնակցում է ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին՝ կապված Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման հետ:
Գիտամանկավարժական գործունեությունը
2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» եւ «ՀՀ քրեական դատավարություն»:
2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» եւ «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»:
2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաեւ Դատական, ինչպես նաեւ՝ Դատախազության դպրոցներում:
Հեղինակ եւ համահեղինակ է 3 գիտական մենագրության եւ շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով):
Օտար լեզուների իմացությունը
Անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), ուկրաիներեն (գերազանց), ֆրանսերեն (սկսնակ):
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: Կուսակցական չէ: