1993 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» Միավորված ազգերի կազմակերպության 1984 թվականի կոնվենցիան:
2006թ. մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է նաեւ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված Կամընտիր արձանագրությունը (այսուհետ՝ Կամընտիր արձանագրություն), որով նախատեսվում էր ստեղծել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ:
Այս կապակցությամբ 2008 թվականին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր՝ 6.1-րդ հոդվածով, համաձայն որի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի ստեղծման նպատակն է խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելումը՝ ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ պարբերական, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության այցեր իրականացնելու միջոցով:
Կամընտիր արձանագրության իմաստով ազատությունից զրկման վայրեր են համարվում ցանկացած վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկված լինել ազատությունից, ինչպես նաեւ ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության: Այդպիսի վայրերն են, օրինակ՝ ձերբակալված անձանց պահելու վայրերը, քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժական հաստատությունները, կայազորային կարգապահական մեկուսարանները, ինչպես նաեւ ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները եւ այլն:
Կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային անկախ մեխանիզմի պարտավորությունների կատարման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմում ստեղծել է առանձին ստորաբաժանում՝ Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչություն (մինչեւ 2016 թվականի հունիսի 3-ը վարչության անվանումը՝ «Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի վարչություն» էր): Վարչության աշխատանքներին ներգրավվել են ինչպես իրավաբաններ, այնպես էլ բժիշկ մասնագետ:
Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաեւ առանձին խնդրահարույց դեպքերը ներկայացվում են Պաշտպանի` որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան եւ արտահերթ զեկույցներում: