Ըստ Առողջապահության միջազգային կազմակերության տվյալների՝ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը (ավելի քան 1 միլիարդ անձ), ովքեր կյանքի տարբեր բնագավառներում հանդիպում են բազմաթիվ խնդիրների եւ խոչընդոտների: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն են նվիրված մի շարք միջազգային, ինչպես նաեւ ներպետական իրավական փաստաթղթեր:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրեց 2010 թվականին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Կոնվենցիան ապահովում եւ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական եւ մշակութային կյանքում։

 

Վավերացնելով Կոնվենցիան՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այդ միջոցները պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ու համակարգերի հասանելիության ու մատչելիության ապահովմանը:

 

Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի վավերացրել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Նշված արձանագրությամբ նախատեսվում է ներդնել անհատական հաղորդումների (գանգատներ)  եւ հետաքննության ընթացակարգերը` որպես կոնվենցայի կիրարկման ապահովման երաշխիքներ:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրական վերաբերմունքի դրսեւորումները շարունակական բնույթ են կրում: Չնայած հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելված է Կոնվենցիայով, մի շարք միջազգային փաստաթղթերով, ինչպես նաեւ գործող տարբեր իրավական ակտերով, խտրականությունը կանխարգելող եւ արգելող գործուն ու արդյունավետ մեխանիզմներ Հայաստանում առայժմ չկան:

 

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հիմնական իրավական ակտը «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքն է, որն ընդունվել է 1993 թվականին:  Հաշվի առնելով, որ գործող օրենքով ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին, մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագիծը:

 

2016թ. հունվարի 1-ի  դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է` 200117 հաշ­մանդամութ­յուն ունեցող անձ: Հաշվառված հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են ՀՀ բնակչության 6.7 տոկոսը: Հաշմանդամություն ունեցող անձինք հանդիպում են խտրականության եւ իրենց իրավունքների իրականացման խոչընդոտների գրեթե յուրաքնաչյուր օր: Խախտվում են վերջիններիս կրթության, աշխատանքային, սպորտային եւ մշակութային կյանքին մասնակցելու, սոցիալական պաշպանությունից օգտվելու, ազատ տեղաշարժի, ընտրելու եւ բազմաթիվ այլ իրավունքներ: