Զինծառայողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմում 2016 թվականին ստեղծվեց զինծառայողների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանումը, որի նպատակը զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումն է: Ստորաբաժանումն իրականացնում է զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների ուսումնասիրության եւ քննարկման ընթացակարգը, նրանց տրամադրում է իրավաբանական խորհրդատվության, կատարում է քաղաքացիների ընդունելություն։ 

 

Զինծառայողների իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը ներառում է զինված ուժերում իրավագիտակցության եւ իրավական դաստիարակության մակարդակի բարձրացման, իրավական առաջընթացին, իրավունքի արժեւորման, ինչպես նաեւ պաշտպանական ոլորտի իրավական կարգավորման գործընթացների զարգացման ու կատարելագործման հիմնախնդիրների լուծմանն ուղղված համալիր գործողությունները։ Դրանք կարեւորագույն նախապայման են հանդիսանում ՀՀ զինված ուժերի բնականոն զարգացման, զինվորական կարգապահության եւ օրինապահության ամրապնդման համար: 

 

Զինծառայողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովման վերը նշված հիմնախնդիրների համատեքստում կարեւոր է, որպեսզի ՀՀ զինված ուժերում արմատավորվի իրավունքի գերակայության գաղափարը, այն դառնա զինվորական կառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործունեության կենսաձեւ, ներդրվեն իրավական կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք ի վիճակի լինեն արագ արձագանքելու մարտահրավերներին եւ ապահովելու զինծառայողների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի   փոփոխություններով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության տեսանկյունից էական եւ նշանակալի փոփոխություններ կատարվեցին: Փոփոխված Սահմանադրության 3‑րդ հոդվածը ամրագրեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

 

Սահմանադրաիրավական այս նորմից հետեւում է, որ պետությունը պետք է գոյություն ունենա մարդ-քաղաքացու հետ իրավահավասար հիմունքներով: Նշված սահմանադրաիրավական մոտեցումը կիրառական է նաեւ զինվորական կառավարման մարմին եւ զինծառայող, զինծառայող եւ հրամանատար, ենթակա եւ վերադաս փոխհարաբերություններում: Սա ժողովրդավարական, իրավական պետության կարեւորագույն պահանջներից մեկն է, որը հիմնարար նշանակություն ունի զինծառայողների իրավունքների եւ ազատությունների իրացման եւ դրանց պաշտպանության երաշխիքների ապահովման համար:

 

ՀՀ զինված ուժերում պետք է ստեղծվեն այնպիսի փաստացի եւ իրավական երաշխիքներ, որոնք յուրաքանչյուր զինծառայողի հնարավորություն կընձեռեն կենսագործելու իր իրավունքներն ու ազատությունները:

Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության կարեւոր գրավական է համարվում ժողովրդավարական, իրավական, մարդու եւ քաղաքացու իրավունքների ապահովման ու պաշտպանության վրա հիմնված պետության կառուցումը:

 

Նման հենքային մոտեցումն իր ամրագրումն է ստացել նաեւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպվում եւ իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության եւ քաղաքացիների ընդգրկվածության, օրինականության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքների հիման վրա:

 

Զինծառայողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն իրականացվում է  երեք հիմնական ուղղություններով՝

 

1․  զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների հիման վրա քննարկման ընթացակարգ իրականացնելը,

2․ զինծառայողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելը,

3․ զինծառայողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովման տեսանկյունից պաշտպանական ոլորտի իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրությունը եւ կարծիք ներկայացնելը։