ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավուքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ ՀՀ կառավարության ծրագրում կարեւորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն`«Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին:
Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:
Խոհրդակցության արդյունքում որոշվել է`
*Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրները դարձնել քննարկման առարկա, մշակել օրենսդրական լուծումների առաջարկներ, կառավարության համապատասխան օղակներում, ինչպես նաեւ այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով` Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով,
*Պետական մարմինների միջեւ արդյունավետ համակարգում իրականացնելու համար Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար է առաջարկվել նշանակել ՀՀ փոխվարչապետին,
* Աշխատանքներ իրականացնել Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին հրաժեշտ լիազորություններ վերապահելու, մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական համարժեք ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ,
*Ուշադրություն դարձնել եւ ջանքեր ներդնել հատկապես գյուղական բնակավայրերում ու առավել անբարենպաստ պայմաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների եւ համարժեք խնամքի մատչելիությունն ապահովելուն,
*Առանձնակի ուշադրություն հատկացնել վերարտադրողական ու սեռական առողջությանն ուղղված կրթական ծրագրերի ներդրմանը,
*Շարունակել ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ընտանիքներում մնալու եւ հետագա հասարակական ինտեգրումն ընտանիքի հովանու ներքո անցնելու ուղղությամբ: