Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ արձագանքումն ապահովելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև լրագրողական հարցումներին պատասխան տրամադրելու հարցում աջակցելը: Այս կարևոր ուղղությունը նպատակ ունի շարունակաբար ամրապնդել պետության և քաղաքացիների կապը, իսկ լրագրողների միջոցով՝ իրացնել քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով: Աշխատանքի այս ուղղությունն արդեն իսկ լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:
Մասնավորապես, եթե 2016 թվականին քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ ստացվել է 38 բողոք, 2017 թվականին՝ 46, ապա 2018 թվականին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։
Եթե 2016 թվականին դիմումների հիմնական մասն ուղղված է եղել Պաշտպանության նախարարության, Կառավարության աշխատակազմի և Քննչական կոմիտեի դեմ, ապա 2017 թվականին՝ Ոստիկանության, Դատախազության, Քննչական կոմիտեի, Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության դեմ։
2018 թվականի հունվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում 45 բողոքների հիմնական մասն ուղղված է եղել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, Կառավարության աշխատակազմի դեմ, իսկ հունիսից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 64 բողոքների մեծ մասն ուղղված է եղել Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ոստիկանության, Արդարադատության նախարարության մարմինների, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայության դեմ: