Այսօր «արևների» միջազգային օրն է․ պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը

Այսօր «արևների» միջազգային օրն է․ պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին:

 

Արման Թաթոյանը նշել է, որ պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները:

 

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատել նրանց ներուժը և բացառել որևէ տեսակի մեկուսացում:

 

Մարդու իրավունքների պաշտպանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու տարածքում ծանոթացել է երեխաների հետ, զրուցել նրանց նախասիրությունների, առօրյայի մասին, ինչպես նաև նրանց նվիրել իրենց իրավունքներին վերաբերող գրքույկ և գրենական պիտույքներ:

 

 Նույն  օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի անդամների հետ:

 

Ծնողներն ու ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը բարձրացրել են մեր երկրում Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրները սկսած կարծրատիպերից, անվճար բուժօգնություն ստանալու հարցում առկա վարչարարությունից մինչև նրանց կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատող մասնագետների պակասից:

 

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունը բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Դաունի համախտանիշի օր: 21 թիվը պատահական չի ընտրվել. լրացուցիչ 21-րդ քրոմոսոմն է պատճառը, որ առաջացնում է այս համախտանիշը:

 

Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է գիտնական Ջոն Լենգդոն Դաունը՝ 1866 թվականին։ Վիճակագրության համաձայն, 700-800 նորածնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Համախտանիշը կախված չէ ծնողների կենսակերպից, նրա առողջությունից, սննդից, բարեկեցությունից, ազգությունից։

 

Հայաստանում չկա միասնական վիճակագրություն նման համախտանիշ ունեցող անձանց վերաբերյալ։