Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝
- հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև․
- մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն․
- թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների և գործառույթների վերաբերյալ իրազեկումներ․
- մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետևողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ կապված: Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմինների միջև գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։
Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: