Մարդու հիմնական իրավունքները դատարանների կողմից լիարժեք չեն երաշխավորվում. Պաշտպանի աշխատակազմն ու ԲԴԽ-ն կհամատեղեն ջանքերը

Մարդու հիմնական իրավունքները դատարանների կողմից լիարժեք չեն երաշխավորվում. Պաշտպանի աշխատակազմն ու ԲԴԽ-ն կհամատեղեն ջանքերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են արդարադատությունն ու դատական համակարգն անձանց առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրները:

 

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն գործող իրավունք են. սահմանադրական այս դրույթը պետք է լիարժեք կիրառություն ստանա իրական կյանքում: Սրա երաշխավորն առաջնահերթ պետք է լինի դատարանը: Մինչդեռ, այս առումով դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

 

Պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ առկա է դատարանի՝ իբրև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի նկատմամբ անվստահությունը վերացնելու անհրաժեշտություն: Կոնկրետ գործերով դատական վարույթներին չմիջամտելու պայմաններում անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վկայում է, որ անձի իրավունքների պաշտպանության խնդիրները շատ դեպքերում պայմանավորված են հենց դատական ընթացակարգերի ոչ բավարար ճկունությամբ:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իր հերթին, ընդգծել է արդարադատության նկատմամբ վստահության ձևավորման ու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխման կարևորությունը: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են դատական համակարգում իրավունքների արդյունավետ երաշխավորմանը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վարչական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման, բանկերի նկատմամբ քաղաքացիների ստանձնած պարտավորությունների չկատարման համար տույժերի ու տուգանքների գանձման և առհասարակ այս ոլորտում անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության հարցերին:

 

Քննարկման արդյունքներով որոշվել է համատեղել ջանքերը դատական համակարգի կատարելագործման ու արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ: