Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ:

 

Տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 30 դատապարտյալի հետ, որոնցից մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են եղել: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման օրենսդրական հնարավորություններին, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնությանը և ըստ քրեակատարողական հիմնարկների ու խցերի ազատությունից զրկված անձանց տեղաբաշխմանը:

 

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև անվտանգության նկատառումներից ելնելով պատժախցային-կարանտինային մասնաշենքում իրենց կամքով մեկուսի պահվող անձանց հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները:

 

Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու վերաբերյալ:

 

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Արմավիր ՔԿՀ-ի վարչակազմի հետ արդյունավետ համագործակցությունը և բարձրաձայնված հարցերին աշխատանքային կարգով արագ լուծում տալու պատրաստակամությունը: