Հաշմանդամություն ունեցող անձինք վերջին ընտրությունների ժամանակ կրկին բախվել են խնդիրների․ քննարկում

Հաշմանդամություն ունեցող անձինք վերջին ընտրությունների ժամանակ կրկին բախվել են խնդիրների․ քննարկում

Այսօր տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների ապահովման վերաբերյալ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ոլորտի հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միջև։

 

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ու Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) տնօրեն Հասմիկ Հակոբյանը։

 

Պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը տեղեկացրել է, որ եթե անցյալ տարի ընտրական գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով 5 ահազանգ է ներկայացվել, ապա այս տարի 20-ից ավելի, որոնք վերաբերել են մեծ մասամբ ընտրատեղամասերի անմատչելիությանը։

 

«Ստացել ենք ահազանգեր, որոնք վերաբերել են քվեարկության սենյակները շենքի երկրորդ հարկում, նկուղում տեղակայված լինելուն, ինչպես նաև ընտրատեղամասերին անմատչելի կահավորմանը»,- ասել է Տաթևիկ Թոխյանը։

 

Նա նշել է, որ այս տարի ևս տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ապահոված չեն եղել քվեաթերթիկներ բրայլյան համակարգով, ինչպես նաև ոչ բոլոր ընտրատեղամասերում են եղել խոշորացույցներ թույլ տեսողություն ունեցող անձանց համար։

 

Ոլորտի հասարակական կազմակերպությունները նշել են, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման նպատակով, բացի ողջամիտ տարածքի ապահովումից, պետք է ձեռնարկվեն նաև այլ միջոցներ՝ ապահովելու համար քարոզարշավի ընթացքում տեղեկությունների և հաղորդակցությունների մատչելիությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու հարցին:

 

Քննարկման ավարտին մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ոլորտի խնդիրների լուծման նպատակով իրականացնել համատեղ աշխատանք: