Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային:
Հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների Պաշտպանը ներկայացրել է իր գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Արման Թաթոյանը ներկայացրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, որակյալ ներառական կրթության հասանելիության, նրանց նկատմամբ առկա կարծրատիպերի ու խտրական վերաբերմունքի վերացման ուղղությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերը:
Հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաև միջավայրային անհարմարությունների հետևանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման և անկախ կյանք վարելու հարցերում:Մենք պետք է բացառենք խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին:
Ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևորությունը կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝ հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։
Սահմանադրական օրենքով վերապահված նոր իրավական կարգավիճակը իրացվելու է հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի հատուկ ունակություններ ունեցող մասնագետների ներգրավմամբ: