Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անցյալ շաբաթ հանդիպել է Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության գործադիր տնօրեն ֆլորիան Իրմինգերի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Տսիրա Չանտուրիայի հետ:
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում քրեակատարողական հիմնարկներում կատարվող աշխատանքները, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:
Արման Թաթոյանը նշել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին։
Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը ամրապնդելու և ընդլայնելու նպատակով: