Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները համատեղ կաշխատեն փակ և հատուկ հաստատություններում խնդիրների լուծման ուղղությամբ

Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները համատեղ կաշխատեն փակ և հատուկ հաստատություններում խնդիրների լուծման ուղղությամբ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային նիստին՝ խոսելով ՔԿՀ-ներում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժարաններում իր արձանագրած խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։

 

Պաշտպանը ընդգծել է Խորհրդարանի և մասնավորապես՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:

 

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջունել է օրեր առաջ Սահմանադրական դատարանի որոշումը, համաձայն որի՝ Պաշտպանի դիմումի հիման վրա պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալներին արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները ճանաչվել են հակասահմանադրական: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած:

 

Քննարկումների արդյունքում որոշվել է մշակել համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք հանձնաժողովի կողմից առաջիկայում կմշակվեն և համատեղ քննարկումներից հետո կդրվեն շրջանառության մեջ: