Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։
Այցի նպատակը տեղի բնակիչների կողմից այդ ընտրատարածքից առաջադրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ուղղված բողոքներն են եղել․ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ։
Մասնավորապես, երեխաների ծնողները նշել են, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզն առանձնացված է «Ձորակ» կենտրոնից ցանկապատով, սակայն ոչ ամբողջությամբ։ «Ձորակ» կենտրոնի և մանկապարտեզի լուսամուտները բացվում են երկու հաստատությունների բակեր և պարբերաբար տեղի է ունենում շփում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ: Բացի այդ, լսելի են խնամյալների ձայները, ինչն անհանգստացնում է երեխաների ծնողներին։
«Այցի ընթացքում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք քննարկվել են տնօրինության հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել, բայց ամենավտանգավորն այն է, որ խնամյալների կապը երեխաների հետ առերևույթ է և հնարավոր, որ խնամյալներից մեկը հայտնվի մանկապարտեզի տարածքում և հակառակը»,- նշել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները շրջայց են կատարել հաստատությունների տարածքներում, տեղի են ունեցել քննարկումներ և առանձնազրույցներ «Ձորակ» կենտրոնի տնօրենի, աշխատակիցների և կենտրոնում խնամվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ։
Քննարկումներ են տեղի ունեցել նաև Թիվ 34 մանկապարտեզի տնօրենի, աշխատակիցների և երեխաների ծնողների հետ, ինչպես նաև հաստատություններին հարակից տների բնակիչների հետ։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող հարցերը գտնում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։ «Ձորակ»-ում մշատադիտարկման այցի ընթացքում մենք ավելի վաղ վեր են հանել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: Արձանագրվել են նաև կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն»,- տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ առողջապահության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ։
Տեղեկանք։ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2015թ. և գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Նախկինում՝ 2007-2015 թվականներին այդ նույն շենքում գործել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որի վերակազմավորման արդյունքում էլ ստեղծվել է «Ձորակ» կենտրոնը։ Երևանի թիվ 34 մանկապարտեզը նույն վայրում գործում է ավելի քան 30 տարի։