Պաշտպանը ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացրել երկրորդ հատուկ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված

Պաշտպանը ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացրել երկրորդ հատուկ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:

 

Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վկայում են ազատությունից զրկման վայրերում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ: Այս հարցերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համագործակցում է Արդարադատության նախարարության և Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի հետ:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե դիրքորոշում առաջին անգամ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ներկայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին:

 

Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի  իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:

 

Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: