Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար այսօր «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ժեստերի լեզվով հաղորդակցվելու վերաբերյալ:
Ժեստերի լեզվի մասնագետ Ռոզա Ավագյանը դասընթացի մասնակիցներին է ներկայացրել մարդու իրավունքներին առնչվող շուրջ 300 առաջնային ժեստեր, որոնք կօգնեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներին արդյունավետ հաղորդակցվել խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
«Մենք բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ լսողական խնդիրներ ունեցողների հետ արդյունավետ հաղորդակցվելու համար, որն առավել կնպաստի նրանց ինտեգրմանը և իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը»,- դասընթացի բացման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա կարևորել է «Ագաթ» ՀԿ-ի հետ համագործակցությունը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև արդյունավետ սոցիալական ներառմանը:
Դասընթացի կազմակերպիչները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին են տրամադրել ժեստերի լեզվի ուղեցույց-բառարաններ: