Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

 

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում` հիմքում ունենալով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքները: Այդ նպատակի համար ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել է բազմակողմ ուսումնասիրություններ, ապահովել է բոլոր ահազանգերի ու բողոքների քննարկում, քաղաքացիների տրամադրել է շուրջօրյա խորհրդատվություն:

 

Կատարված դիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

 

Քվեարկությունը տեղի ունեցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Սա հնարավորություն տվեց քաղաքացուն անխոչընդոտ իրականացնել ընտրելու իր իրավունքն ու դրանով իսկ ձևավորել մեր երկրի մայրաքաղաքի՝ որպես միասնական համայնքի կառավարման հիմքերը:

 

Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմն ունեցել է արդյունավետ համագործակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու իրավապահ մարմինների հետ:

 

Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը: Դիտարկումը վկայում է, որ ապահովված են եղել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պայմաններ (արձանագրվել է լրագրողի ու դիտորդի աշխատանքին առնչվող մի քանի միջադեպ): Կարևոր առաքելություն իրականացրին նաև դիտորդական հասարակական կազմակերպությունները:

 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածության որևէ դեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում Կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը:

 

Չեն արձանագրվել ընտրողներին սպառնալիքներ ներկայացնելու, նրանց նկատմամբ այլ տեսակի ճնշում գործադրելու ու առհասարակ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր:

 

Ցավոք, արձանագրվեց անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների աճ, որոնք առավել ցայտուն արտահայտվեցին սոցիալական ցանցերում և տարածում ստացան հատկապես քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում։ Դա առավելապես արվում էր առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այս երևույթն առաջացրեց լարվածություն, որի պատճառ հանդիսացավ նաև հասարակությունը խմբերի բաժանելու միտումը: Այսպիսի երևույթները պետք է ի սպառ բացառել: Դրանք բացասական են ազդում երկրում համերաշխության մթնոլորտի վրա ու վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վրա: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում կգործադրվեն առավելագույն ջանքեր դրանց կանխարգելման ուղղությամբ:

 

Ընտրական իրավունքի լիարժեք իրացման անփոխարինելի երաշխիք է համերաշխությունն ու հանդուրժողականությունը: Սա է, որ ապահովում է քաղաքացու կողմից ընտրելու իր իրավունքի անխոչընդոտ իրացումն ու ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

 

Այս ընտրական գործընթացում ևս խնդիր դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ապահովումը: Ընտրատեղամասերի մեծագույն մասը նրանց համար շարունակում է մնալ անմատչելի: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 11 ահազանգ ընտրողի կողմից քվեարկությանը մասնակցել չկարողանալու վերաբերյալ: Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը ընտրատեղամասերի մատչելիությունն ապահովելու ու հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքի իրականացման համար բոլորի հետ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

 

Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Պաշտպանի աշխատակազմը կհետևի նաև մի քանի քրեական գործերի քննության ընթացքին: