Հոկտեմբերի 6-7-ը միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել է վերապատրաստման հատուկ դասընթաց՝ նվիրված ընտանեկան բռնության դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին:
Դասընթացի ընթացքում միջազգային փորձագետի կողմից ներկայացվել են ընտանեկան բռնության դեմ պայքարում միջազգային և եվրոպական, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված չափանիշները: Հայաստանյան փորձագետները ներկայացրել են ներպետական իրավական համակարգը, ինչպես նաև ընտանեկան բռնության խնդիրը հոգեբանական տեսանկյունից:
Միջոցառման մասնակիցները քննարկել են նաև ընտանեկան բռնության տեսակները, դրա ազդեցությունը կանանց, երեխաների և խոցելի վիճակում գտնվող անձանց և հասարակության նկատմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել բռնությունից տուժած անձանց հետ աշխատելու առանձնահատկություններին, նրանց հետ անցկացվող հարցազրույցներին: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում և բռնությունից տուժած անձանց պաշտպանության հարցում:
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրի ոլորտներն են՝ մարդու իրավունքների մշտադիտարկում և գնահատում, խոշտանգման և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելում, գենդերային հիմքով բռնություն և երեխայի իրավունքների ապահովում և այլն: