Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հետ:
Վաղարշակ Ավետիսյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ համաձայն չէ իր նկատմամբ կայացված դատավճռի հետ և այդ պատճառով հայտարարել է հացադուլ ու հրաժարվել է սննդից:
Առանձնազրույցի ընթացքում նա նշել է նաև, որ ցանկանում է ստանալ համապատասխան տեսակի սննդամթերք, որը քննարկվել է ՔԿՀ-ի վարչակազմի հետ և ստացել լուծում:
Վերոգրյալից բացի, Վաղարշակ Ավետիսյանը բարձրացրել է նաև պահման պայմանների հարց, որը ևս քննարկվել է ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս հավաստմամբ՝ նշված հարցը հնարավորինս արագ լուծում կստանա:
Ուսումնասիրվել են նաև Վաղարշակ Ավետիսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական քարտը: Արձանագրվել է, որ Վաղարշակ Ավետիսյանի բժշկական քարտում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա են բժշկի կողմից կատարված ամենօրյա գրառումներ: Նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմի հետ:
Պաշտպանի ներկայացուցիչներին բուժանձնակազմը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ ներկայում Վաղարշակ Ավետիսյանի գիտակցությունը պարզ է, հարցերին պատասխանում է ճիշտ և ըստ էության: Դեղորայքային միջամտության անհրաժեշտություն չկա: Պարզաբանվել է նաև, որ Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի դինամիկ հսկողության տակ:
Իր վերաբերյալ դատավճռի վերանայման հետ կապված հարց է բարձրացրել 2019 թվականի փետրվարի 1-ից հացադուլի մեջ գտնվող ևս մեկ ազատությունից զրկված անձ: Վերջինիս պարզաբանվել է, որ իր կողմից բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորություններից:
2019 թվականի փետրվարի 4-ից հացադուլ հայտարարած մեկ այլ անձ բարձրացրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև իր ֆինանսական միջոցների հաշվին և իր նախընտրած բուժհաստատությունում իրեն անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կազմակերպելու և բավարար ծավալով բուժում ստանալու հետ կապված հարցեր: Այս առնչությամբ ազատությունից զրկվածը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել համապատասխան դիմում:
Հացադուլ հայտարարած անձանց պարզաբանվել է առողջության համար սննդից հրաժարվելու բացասական հետևանքները:
Հացադուլ հայտարարած անձանց կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ նաև համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ արդարադատության նախարարություն:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, Համաներման մասին օրենքի կիրառմանը, ինչպես նաև պատժի հետագա կրելը շարունակելու համար մեկ հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:
Նշված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են նաև ՔԿՀ ղեկավարության հետ:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։