Չհայտարարված այց ապաստան հայցողների «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Չհայտարարված այց ապաստան հայցողների «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

 

Այցի ընթացքում ստուգվել են ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած առաջարկությունների իրացման վիճակը, բնակության ու սանիտարահիգիենիկ պայմանները և այլ հարցեր։

 

Արձանագրվել է, որ զեկույցում բարձրացված որոշ խնդիրներ լուծում են ստացել. Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները թարգմանվել են 4 լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բարեկարգվել է։ Վերանորոգվել և կահավորվել է նաև երեխաների խաղասենյակը:

 

Այնուամենայնիվ, արձանագրվել է, որ չլուծված է մնում կրոնական կամ ազգային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սննդի հարցը: Առանձնազրույցների ընթացքում ստացվել են տեղեկություններ կացարանի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանների անբավարար լինելու, բնակիչների միջև միջանձնային խնդիրների պատճառով կոնֆլիկտների առկայության վերաբերյալ և այլն: Պաշտպանի աշխատակազմը վերջին հարցում համագործակցում է նաև Ոստիկանության հետ, ինչպես նաև բոլոր դեպքերում՝ Միգրացիոն ծառայության ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ։

 

Այցի ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, Պաշտպանի լիազորությունները, դիմելու և բողոքի քննարկման ընթացակարգը:

 

Այցին ներգրավվել են արաբերենի, թուրքերենի, իսպաներենի ու պարսկերենի թարգմանիչներ։

 

Կացարանի աշխատակիցները աջակցել են Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքին։

 

Այցի արդյունքների ամփոփմամբ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելուն ուղղված քայլեր։