Վերջին օրերին Երևանից և մարզերից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի իրականացնում։
Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա մտահոգություններն այն մասին են, որ առանց քաղաքացիներին նախապես ծանուցելու իրականացվում են ջրանջատումներ, իսկ ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ պատշաճ իրազեկում չի ապահովվում: Բացի այդ, ջրամատակարարումը վերականգնելուց հետո ծորակից կեղտաջուր է հոսում։ Ըստ բողոքների՝ բնակելի շենքերում խմելու ջրի ճնշման բավարար չլինելու պատճառով ջուրը անհրաժեշտ չափով չի բարձրանում վերևի հարկեր։ Բողոքներ են առկա նաև այն մասին, որ հնարավոր չի լինում թեժ գծի միջոցով պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները տալիս են իրավունքների զանգվածային խախտումների ենթադրության մասին հիմքեր և վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Համապատասխան գրություններ են հասցեագրվել ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերությանը, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, անհիմն ջրանջատումների, ինչպես նաև դրանց պատճառների մասին քաղաքացիներին պատշաճ չիրազեկելու հարցերի վերաբերյալ: