ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Արցախի իր գործընկերոջը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Արցախի իր գործընկերոջը

Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ այս պատասխանատու և բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

 

Արցախը պետք է քաղաքակիրթ աշխարհին ճանաչելի դարձնել իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար:

 

Արցախը պետք է դարձնել քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը՝ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության լիարժեք նախադրյալների ստեղծմամբ:

 

Այս բոլոր հարցերում անփոխարինելի դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխավորմանը կոչված ապաքաղաքական և անկախ մարմին: Այսօր այն արդեն սահմանել է կայացման բարձր նշաձող:

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարողացել է պատվով հաղթահարել անլուծելի թվացող բազմաթիվ մարտահրավերներ՝ շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանների և նրանց աշխատակազմերի սրտացավ և հայրենանվեր աշխատանքի:

 

Վերջին տարիներին առավել ամրապնդվել և արդյունավետ է դարձել Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքը: Հատկապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործընթացներում ներգրավվածության շարունակական բարձրացմանն ուղղված ջանքերը:

 

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հայտնում եմ պատրաստակամությունս զարգացնելու մեր կառույցների միջև ձևավորված ամուր համագործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանն ու երաշխավորմանը: