Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Կրթական հաստատություններում ներառական կրթության համար առկա չեն բավարար պայմաններ, ավելին՝ վերապատրաստված չեն նաև մանկավարժները։  Այս մասին այսօր «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարներն իրենց խոսքում կարևորել են գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքը և շեշտել, որ ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ներառական հասարակություն։

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և վերոհիշյալ նախարարությունների համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացվել են ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները, որոնք տեղ են գտել  Պաշտպանի զեկույցներում, ինչպես նաև հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը, սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ հասնել խնդիրների լուծմանը։

 

Նշենք, որ  վաղ առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են ներառական նախադպրոցական կրթություն ապահովող Երևանի թիվ 92 մանկապարտեզ։ Նրանք քննարկել են պոլիկլինիկա-մանկապարտեզ-դպրոց ներառական մոդելով աշխատող շղթայի էֆեկտիվությունը և այլ հաստատություններում տեղայնացնելու տարբերակները։