Փակ հաստատություններում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյանը մասնակցել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Փակ հաստատություններում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյանը մասնակցել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու բարեփոխումների գործընթացում՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը քննարկումներին: Այս մասին «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» փորձագիտական քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Նրա խոսքով՝ հանրության մոտ սխալ ընկալում կա, որ վատ վերաբերմունքը ներառում է միայն խոշտանգումը, այսինքն՝ բռնությունը, ծեծը, հարվածները եւ այլն, մինչդեռ վատ վերաբերմունք է նաև անձին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելը, անմարդկային պայմաններում պահելը և այլն:

 

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ «Հանրային լրագրության ակումբի» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»  կազմակերպած միջոցառման ժամանակ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ  իրականացված մոնիթորինգային այցերն արձանագրել են բազմաթիվ համակարգային խնդիրներ, որոնց տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել:

 

«Քրեակատարողական համակարգը դեռևս պահպանում է պատժողական բնույթը, այլ ոչ թե վերականգնողական արդարադատության համակարգին բնորոշ հատկանիշները: ՔԿՀ-ում չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված մարդու նկատմամբ: Չի իրականացվում նրա վարքագծի ռիսկային գնահատում»,-ասել է Արման Թաթոյանը:

 

Նրա խոսքով՝ պետությունը պետք է կանխատեսելի դարձնի այն ճանապարհը կամ վարքագիծը, որը դրսևորելով ազատազրկված անձը կարող է հասնել ազատ արձակման:

 

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ հոգեբուժարաններում իրականացրած մշտադիտարկման այցերի արդյունքներով հարուցվել են քրեական գործեր: Պրակտիկայում առկա են լուրջ խնդիրներ մատյանների վարման, հոժարակամ և հարկադիր բուժման հետ կապված, իսկ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում չկա աշխատանքի միասնական մոտեցում: