Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը

Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը

Ինչպես նշված է մեր հայտարարության մեջ, Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում թեմայի վերաբերյալ։ 


Միաժամանակ, պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները։ Հիմնարար խախտումներ են արձանագրվել նաև հենց Արման Թաթոյանի զեկույցներում (2016 թվականի հուլիսյան իրադարձությունների, հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների վիճակի, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման մասին զեկույցներում և այլն): 


Ավելին, Արման Թաթոյանն 2008 թվականին անմիջականորեն մասնակցել է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմմանը, ղեկավարել է Երևանի Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության իրավունքի ու մարտի 1-ի գործերով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցի կազմման աշխատանքները: 


Հաշվի առնելով այս ամենը՝ երեկ տարածված հայտարարությունից ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մասին ընդամենը նախնական գնահատական էր երևույթին առհասարակ: 


Ավելին, նույն հայտարարության մեջ խոսվում է նաև դատական համակարգում խնդիրների, դրանց նախկինում պատշաճ ուշադրություն չդարձնելու մասին: