Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

 

Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախ հանձնախմբի կողմից այս բարձր կարգավիճակի հաստատումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։

 

«A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։

 

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության կարգավիճակը ողջ աշխարհում այս մեխանիզմով գնահատվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006 թվականից սկսած: