Օգոստոսի 4-5-ը Ջերմուկում տեղի է ունեցել «Ազատությունից զրկման վայրերում մահվան և խոշտանգումների դեպքերի մասին փաստերի հավաքման և քննության վերաբերյալ» թեմայով սեմինար:
Այն կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ղեկավարների կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում:
Դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության աշխատակիցներ, Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ԵԽ միջազգային փորձագետներ Վիկտոր Զահարիայի և Ուոլթեր Սանթինգերի մասնակցությամբ քննարկվել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի, խոշտանգումների, մահվան և հնարավոր ապօրինի մահվան քննությանը վերաբերող հարցեր, կարևորվել է քննության ընթացքում օմբուդսմանի հաստատության և կանխարգելման ազգային մեխանիզմի դերը։
Սեմինարի մասնակիցները վեր են հանել գործնականում ոլորտում հանդիպող խնդիրները, միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակման արդյունքում հատկապես ընդգծվել են առանձնահատկություններ՝ կապված քննության տարրերի, սկզբունքների հետ, հաշվի է առնվել քննության ռիսկերի կառավարումը։