Շարունակելով տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։
Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել խնամվող անձանց հետ, վեր են հանվել տուն-ինտերնատում առկա, դեռևս չլուծված խնդիրները:
Մասնավորապես, ուսումնասիրվել է տրամադրվող սնունդը, դրա որակը, շենքային պայմանները, խոհանոցը, ճաշարանը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի պայմանները, տրամադրվող դեղորայքը:
Տեղի է ունեցել առանձնազրույց նաև բժշկի հետ, քննարկվել է անհրաժեշտության դեպքում խնամվող անձանց բուժհաստատություններ տեղափոխելու հնարավորությունը:
Այցի արդյունքներն ամփոփելուց հետո բարձրացված խնդիրների լուծման նպատակով համապատասխան հարցադրումներ կներկայացվեն ու առաջարկներ կարվեն պատկան մարմիններին։
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող անձանց պահման պայմանների անբավարար լինելու վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացակարգի արդյունքում լուծվել են հիմնարար խնդիրներ: