Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույց «Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների և Պաշտպանի գործունեության վերաբերյալ»։
Հայաստանում սպառողների իրավունքները հաճախ ստորադասվում են տնտեսվարողների իրավունքներին, որին նպաստում է սպառողների շրջանում համապատասխան իրավագիտակցության բացակայությունը։
Սպառողները հաճախ բախվում են ցածրորակ ծառայությունների և ոչ պատշաճ սպասարկումների, ինչը վկայում է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը մշտապես կատարելագործման կարիք ունի։ Փոփոխություններն առաջնահերթ պետք է արտացոլվեն օրենսդրության մեջ, սակայն ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի կիրարկում, այլև պետություն-բիզնես-սպառող համագործակցություն:
Սպառողների իրավունքների պաշտպանության և շահերի հավասարակշռման ապահովմանը նվիրված զեկույցի նպատակն է բացահայտել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող միջազգային և ներպետական-իրավական համապատասխան փաստաթղթերում, նախագծերում, դրանց կիրառման ընթացքում առկա՝ սպառողների իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման ապահովմանը վերաբերող անկատարությունները, հակասական լուծումները, թերություններն ու բացթողումները, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։
Զեկույցը կուղարկվի իրավասու պետական մարմինների և հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների։