Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը:

 

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների ապահովման ոլորտում մեր երկրում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք զգայուն են, քանի որ վերաբերում են մարդկանց, ովքեր հաճախ չեն կարող բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: 

 

Ցավոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում: Նրանք հաճախ հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ, դառնում են խարանման օբյեկտ: 

 

Պետք է աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց այնպես, որ նրանք հասնեն իրենց սեփական ձգտումներին ու նպատակներին: Անհրաժեշտ է նպաստել նրանց՝ իբրև հավասարի հետ աշխատանքին ու նրանց վերականգնմանը, կանխել նրանց սոցիալական մեկուսացումը և խարանումը:

 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բողոքների քննարկումը և հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկումը վեր են հանել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համայնքահեն ծառայությունների բացակայությունը, ոչ պատշաճ կառավարումը, վերահսկողությունը, օրենսդրական թերությունները և այլն: Հոգեբուժական օգնության ոլորտում բացակայում է իրավասու մարմինների համակարգված աշխատանքը՝ դրանցից յուրաքանչյուրի գործառույթների տարանջատման, պատշաճ վերահսկողության և առանձին հարցերում փոխպայմանավորված աշխատանքի պատշաճ իրականացման տեսանկյունից:

 

Ցավոք, գնահատված չէ հոգեկան առողջության պահպանման ոլորտի մասնագետների աշխատանքը: Հոգեբուժական կազմակերպությունների բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակն անմիջականորեն ազդում է մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:

 

Հետևաբար, հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը:

 

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան