Շարունակվում են քայլերը ձեռնարկվել փախստականներին ու ապաստան հայցողներին վերաբերող Պաշտպանի արտահերթ զեկույցում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ

Շարունակվում են քայլերը ձեռնարկվել փախստականներին ու ապաստան հայցողներին վերաբերող Պաշտպանի արտահերթ զեկույցում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ համաժողով։ Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համատեղ ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա Կարին Օստը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի պատվիրակությունը։ Հանդիպմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի 2017 թվականի արտահերթ զեկույցում արձանագրված` ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Այս տարվա ընթացքում իրավասու պետական մարմինների կողմից իրականացվել են զեկույցում նշված առաջարկությունների կատարմանն ուղղված քայլեր: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրացիների, այդ թվում՝ փախստականների և ապաստան հայցող անձանց՝ տեսազանգից օգտվելու ուղղությամբ ձեռնարկվել են օրենսդրական և գործնական միջոցառումներ: Ապաստան հայցող անձանց շրջանում առավել տարածված լեզուներով թարգմանվել են Հատուկ կացարանի ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև այնտեղ բնակվող ապաստան հայցող անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ այլ տեղեկություններ և այլն:

 

Այնուամենայնիվ, չվերադարձելիության սկզբունքն ամրագրող համապատասխան հոդվածում բացակայում է մահապատժի ենթարկվելու վտանգի առկայության պարագայում անձի արտաքսման կամ հանձման արգելքը: ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում անձանց իրավական կարգավիճակ, որը հնարավորություն կտա լրացուցիչ պաշտպանություն սահմանել փախստականի կարգավիճակի համար անհրաժեշտ չափանիշներին չբավարարող, սակայն չվերադարձնելու սկզբունքի պաշտպանությունից օգտվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար և այլն:

 

Միջոցառման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից ներկայացվել են նաև 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներ և Միգրացիոն Ծառայության Հատուկ կացարան, ինչպես նաև այլ հատուկ հաստատություններում մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրները: Մասնակից իրավասու պետական մարմինները ներկայացրել են դրանց լուծման ուղղությամբ կատարված գործողությունները և ծրագրերը:

 

Օրինակ՝ անհրաժեշտ է բոլոր հիմնարկներում ապահովել բավարար պայմաններ կրոնական ծեսերի իրականացման համար: Կարևոր է նաև ազատությունից զրկած փախստականների և ապաստան հայցող անձանց համար անհրաժեշտ կրոնական գրականության ապահովումը և այլն։

Համաժողովի ավարտին, կարևորվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Միգրացիոն ծառայության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Կարևորվել է նաև իրավասու պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը: