Քաղհասարակության հայտարարությունը ՀՀ սահմանամերձ համայնքների գնդակոծությունների վերաբերյալ

Քաղհասարակության հայտարարությունը ՀՀ սահմանամերձ համայնքների գնդակոծությունների վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություն, այդ թվում՝ Պահապան զարգացման հիմնադրամը և ՀՀ Երեխաների պաշտպանության ցանցը հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որով դատապարտում են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության և հատկապես մանկական հաստատությունների գնդակոծումը։

 

Հիշեցնենք, որ քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր:

 

Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելու և առաջնային աղբյուրից հավաստի տվյալներ ձեռք բերելու նպատակով՝ փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր Կոթի գյուղում, ինչպես նաև Բաղանիսի գյուղապետարանի ու դպրոցի պատերին, տանիքներին, քաղաքացիական բնակիչների տների պատերին ու վնասված պատուհաններին: Գյուղի բնակիչներն ու վարչակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցների ընթացքում նշել են, որ այդ վնասցածքներն ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղը թիրախային գնդակոծության ենթարկելու հետևանք են (կիրառված են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ): Կրակոցների արդյունքում վնաս է պատճառվել նաև Կոթի գյուղի բնակչի առողջությանը:

 

Փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: