Մարդու իրավունքների պաշտպանն Ա. Ենիգոմշյանի պահման պայմանների մասին

Մարդու իրավունքների պաշտպանն Ա. Ենիգոմշյանի  պահման պայմանների մասին

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն կրկին այցելել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաեւ հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ:

Այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» կազմակերպությունից արդեն իսկ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր են գործուղվել հատուկ մասնագետներ: Այցի պահին մեր ներկայացուցիչները հանդիպել են նաեւ խնամքի համար ՁՊՎ-ում ներկա բուժքույր-մասնագետին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանին խնամքի համար գործուղված է չորս մասնագետ եւ խնամքի համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուրի համար 8 ժամ տեւողությամբ:

Պարզվել է նաեւ, որ Ալեք Ենիգոմշյանը արդեն ստացել է հանձնուք, նրան տրամադրված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորություն եւ արդեն իսկ ստացել է որոշակի դեղեր, տրամադրված են հիգիենայի պարագաներ եւ ապահովված է նաեւ ՁՊՎ-ում զբոսանքի հնարավորությունը: Ինչպես նշել ենք, նրան տրամադրվել է նաեւ սեղան եւ ռադիոընդունիչ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով:

Ա. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել:

Վերը շարադրվածը վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության ՁՊՎ-ում Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները եւ հաշմանդամության առանձնահատկությունները: