Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ:

 

Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում:

 

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 16-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 12 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովմանը, այդ թվում՝ ընտրատեղամասերի անմատչելիությանը։

 

Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:

 

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։ Ստացվել է մեկ ահազանգ, որն առանչվել է սահմանված ժամից ավելի Ոստիկանության բաժնում անձին պահելու հետ. այս հարցով նախաձեռնված է քննարկման ընթացակարգ, որի մասին մեր նախորդ հայտարարություններով տեղեկացվել է:

 

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին և այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման և տարածման դեպքեր: Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքեր, ընտրակաշառքի առնչվող գործով բնակարանում խուզարկություն իրականացնելու (ըստ հրապարակման՝ անհիմն) վերաբերյալ հրապարակումներ:

 

Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին: