Թեժ գծին ստացվել է հավաքներին առնչվող 459 ահազանգ, տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված 974 անձի հետ․ ամփոփվել են արձանագրված խնդիրները

 Թեժ գծին ստացվել է հավաքներին առնչվող 459 ահազանգ, տեղի են ունեցել  առանձնազրույցներ բերման ենթարկված 974 անձի հետ․ ամփոփվել են արձանագրված խնդիրները

Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում:

 

Ոստիկանության բաժիններ և ձերբակալվածներին պահելու վայրեր կատարած 70 այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 974 անձի հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 22 անձի հետ:

 

Այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, այդ անձանց իրենց իրավունքների մասին չծանուցելու, հաշվառման համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաև խնդիրներ կապված փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու հետ, որոնք, սակայն, լուծվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև հրապարակումները վկայում են մի շարք դեպքերում բերման ենթարկելու ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական անհամաչափ ուժ, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ կիրառելու մասին: Պաշտպանին են ներկայացվել բողոքներ նաև կապված հատուկ միջոցների կիրառման հետ: Արձանագրվել են հրապարակումները քաղաքացիական հագուստով անձանց կողմից անձնական օգտագործման, այդ թվում՝ առանց հաշվառման համարանիշի կամ ոչ Հայաստանի իրավասու մարմնի կողմից հատկացված համարանիշներով տրանսպորտային միջոցներով անձանց բերման ենթարկելու կամ այդպիսի փորձերի վերաբերյալ:

 

Ամփոփվել են նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաև ցուցարարների և այլ անձանց միջև բախումների դեպքերը, որոնք պետք է դառնան լիարժեք քննության առարկա։

 

Արձանագրված խնդիրների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիությունն ու մարդասիրական վերաբերմունքի իրավունքը: Պետք է լիարժեք պաշտպանված լինեն ազատությունից զրկված անձի համար նախատեսված բոլոր իրավունքները: Խոսքը վերաբերում է իրավունքների պարտադիր նվազագույն շրջանակին, որն արձանագրված է ինչպես ՀՀ միջազգային պայմանագրերով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ:  Ցանկացած պարագայում պետական մարմնի ռեսուրսների ոչ բավարար լինելը չի կարող արդարացնել, օրինակ, անձին օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելը: Ոստիկանության բաժիններում համապատասխան մատյանները պետք է պատշաճ լրացվեն՝ անկախ նրանից, թե անձը որքան ժամանակ է պահվել բաժնում, քանի բերման ենթարկված անձ կա և այլն:

 

Այդ օրերին Պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրություն է ցուցաբերել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ներկայացվել են բերման ենթարկված անչափահասներին անհապաղ ազատ արձակելու և նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի պահանջներ։

 

Կարևոր է նշել, որ արձանագրված խնդիրների զգալի մասը հնարավոր բոլոր դեպքերում  տեղում լուծվել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների աջակցությամբ, այդ թվում՝ Ոստիկանության  իրավասու ծառայողների հետ համագործակցության արդյունքում:

 

Այցերի արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքներն ամփոփվել են և սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, ըստ իրավասության, ուղարկվել են համապատասխան, այդ թվում՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններին: