Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, 



Անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում: 



Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն:



Ես մշտապես նշել եմ և շարունակելու եմ կրկնել, որ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: Միջազգային իրավապաշտպան կառույցների հետ պետք է աշխատանք տանել հանրահայտ այս սկզբունքով, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում:



Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը:



Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս:



Շնորհավորում եմ արցախցիներին և ամբողջ հայությանը համահայկական այս տոնի առթիվ:



Արման Թաթոյան 
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան