Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում է արեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը: Դիմումատուների պնդմամբ՝ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարան նշված շինությունն ապամոնտաժելու խնդրանքով, սակայն արդյունքի չեն հասել:
Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետին, ի պատասխան որի՝ Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշված շենքերի հարակից տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է: