Հուլիսի 8-9-ին Ծաղկաձորում անց է կացվել «Փախստականների և ապաստան հայցողների իրավական պաշտպանությունը» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը: Նա բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը և կարևորել է նմանատիպ աշխատաժողովների կազմակերպումը։ Ս. Ղազինյանն անդրադարձել նաև կառույցների համատեղ ծրագրով նախատեսված միջոցառումներին և վստահություն հայտնել, որ այսպիսի հանդիպումները կնպաստեն Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պատշաճ իրացմանն ու առավել արդյունավետ պաշտպանությանը։
ՄԱԿ ՓԳՀ ծրագրային բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանը և Իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանը ևս իրենց ելույթներում անդրադարձ են կատարել փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատին, կարևորել են ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև սերտ համագործակցությունը՝ տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և Հայաստանում ապաստան հայցողների իրավիճակի ուսումնասիրման գործում։
Միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների կարողությունները փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայով և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված` փախստականների և ապաստան հայցողների իրավունքներին և պարտականություններին, նրանց միջազգային պաշտպանության հիմնական սկզբունքներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական իրավական կարգավորումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականների ինտեգրման ոլորտի ձեռքբերումներին և մարտահրավերներին։
Նշված թեմաների տեսական կարգավորումները և գործնական խնդիրները ներկայացվել են ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության, «Հայկական կարմիր խաչի ընկերության» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ազգային փորձագետի կողմից: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները: