Աշխատանքային այց Տավուշի սահմանամերձ համայնքներ. խաղաղ բնակչությանն Ադրբեջանի պատճառած վնասների վերաբերյալ կհրապարակվի արտահերթ զեկույց

Աշխատանքային այց Տավուշի սահմանամերձ համայնքներ. խաղաղ բնակչությանն Ադրբեջանի պատճառած վնասների վերաբերյալ կհրապարակվի արտահերթ զեկույց

Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:

 

Պաշտպանը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ շրջել է գյուղի տարածքով, արձանագրել ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետքերը մանկապարտեզի պատերին:

 

«Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Առաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասը, որ հաշվարկել է Տավուշի մարզպետարանը: Միջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերի վերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը:

 

Փաստահավաք աշխատանքից բացի՝ Արծվաբերդ, Այգեձոր ու Չինարի գյուղերում Պաշտպանը նաև բնակիչների հետ է հանդիպել, լսել նրանց խնդիրները: Այդ խնդիրների կապակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:

 

Նախորդ անգամ Տավուշի սահմանամերձ այլ գյուղեր կատարած այցից հետո լուծվել են քաղաքացիների մի շարք խնդիրներ: