Եռօրյա այցով Հայաստանում է Բոսնիա եւ Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը։ Նրանք եկել են ծանոթանալու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին, որը Եվրոպայի խորհուրդը ճանաչում է լավագույններից:
Այցի առաջին օրը բոսնիացի գործընկերները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառուցվածքին, լիազորություններին, քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին, այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում են կատարել հուշամատյանում։
Առաջիկա օրերին Բոսնիա եւ Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կայցելի ազատությունից զրկման վայրեր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներ և ձերբակալված անձանց պահելու վայրեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացմանը ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Այդ նպատակով ամիսներ առաջ Հայաստան էին այցելել Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգային կենտրոնի աշխատակիցները, ապա՝ Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի ներկայացուցիչները: