Միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են ազատազրկման վայրերում մշտադիտարկման արդյունքները

Միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են ազատազրկման վայրերում մշտադիտարկման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության շրջանակներում 2017 թվականի մայիսի 20-21-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների, Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվում է երկօրյա դասընթաց՝ «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկում. առանձնազրույցների անցկացման մեթոդներ, ստացված տեղեկությունների արձանագրում, այցերի վերաբերյալ զեկույցների կազմում» թեմայով: Դասընթացը վարում են Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի անդամ հանդիսացող միջազգային փորձագետներ: 


Քննարկման առարկա են ազատազրկման վայրերում մշտադիտարկման գործընթացում առանձնազրույցների անցկացման մեթոդաբանությունը. մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց հետ առաձնազրույց անցկացնելու մասնագիտական եղանակները` առանց անձանց կրկնազոհացման ենթարկելու և հոգեբանական ճնշում գործադրելու:


Դասընթացի առանցքում խոցելի խմբերն են. խոշտանգման զոհերի, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, կանանց, անչափահասների հետ առանձնազրույցներում հանդիպող յուրահատուկ մարտահրավերները, ինչպես նաև՝ այդպիսի առանձնազրույցներ անցկացնելու հատուկ էթիկական չափանիշները:


Մոնիթորինգային այցերի արդյունավետության տեսանկյունից առավել կարևորվել են արդյունքների ամփոփումը, դրանց հիման վրա թիրախային առաջարկությունների մշակումը և ներկայացումը իրավասու պետական մարմիններին: