Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը: Դիմումում նշված օրենսդրական խնդիրների արդիականությունը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում անձի իրավունքների շարունակական խախտումներով:
Այսպես, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիս ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների շրջանակներում արձանագրվեցին ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումներ, դրանք հիմնականում վերաբերել են անձին ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելուն, փաստաբանի մուտքը ոստիկանական շենք չթույլատրելուն և այլն:
Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի` Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում նշվել է վարչական ձերբակալման և բերման ենթարկելու ինստիտուտները համապարփակ կարգավորելու և անձի իրավունքների նվազագույն ծավալն ապահովելու անհրաժեշտության մասին:
Ըստ դիմումի` ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրման սկզբնական պահ պետք է համարել անձին փաստացի արգելանքի վերցնելը` անկախ նրա նկատմամբ կիրառվող ներգործության միջոցի տեսակի անվանումից կամ անձի կարգավիճակից: Ըստ այդմ, անձի համար պետք է առաջանան հետևյալ իրավունքները`
- անհապաղ տեղեկացվել ազատությունից զրկվելու պատճառների մասին.
- իրեն ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին.
- փաստաբանի իրավունքը.
- բժշկական զննության ենթարկվելու իրավունքը, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից.
- իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքը, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
Իրավախախտում կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում վերը նշված իրավունքներից բացի պետք է ապահովվի նաև լռություն պահպանելու անձի իրավունքը:
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացվել են նաև ազատությունից զրկման փաստի առիթով արձանագրություն կազմելու, ազատությունից զրկված անձին այն հանձնելու, արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջների հետ կապված խնդիրները: Պրակտիկան վկայում է, որ տարածում ունեն դեպքեր, երբ քաղաքացին բողոքում նշում է, օրինակ, բռնության գործադրման մասին, սակայն Ոստիկանության կողմից կազմված արձանագրությունը չի պարունակում նշում այդ մասին, որի հիմքում ընկած է հենց օրենսդրական թերի կարգավորվածությունը: