Արման Թաթոյանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ

Արման Թաթոյանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի’ հայրենակիցներ,

Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ։

Այդ պահից ի վեր քաղաքակիրթ աշխարհը նորովի արժևորեց մարդուն, նրա իրավունքներն ու ազատությունները: Այդ արժեքներն են, որ պետք է ընկած լինեն նաև ժամանակակից հասարակությունների հիմքում՝ չճանաչելով քաղաքական, աշխարհագրական, ազգային կամ որևէ այլ սահման:

Սիրելի քաղաքացիներ. 


Անշրջելի է Հայաստանում մարդու իրավունքների խթանումն ու հետագա զարգացումը: Մեզանից յուրաքանչյուրն իր վրա պետք է զգա այդ զարգացման վերջնական արդյունքը: Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ՝ իրական կյանքում սպառիչ իրացվող արժեք: Սա է, որ պետք է ամենօրյա սրտացավ աշխատանքով ապահովեն պետական բոլոր մարմիններն անխտիր:
Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է: Սա պետք է լինի պետական ցանկացած ծառայողի աշխատանքի առանցքը: Մեր երկրի Սահմանադրությունն արդեն ապահովել է պետության այդ հիմնարար պարտականության բոլոր հիմքերը:
Այս հիմնարար խնդիրը կյանքի կոչելու հարցում իր պատասխանատու դերն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Այդ դերն, իհարկե, բարդ է ու լի մարտահրավերներով, բայց դրանով հանդերձ՝ պետք է անընդհատ աշխատանքով նպաստել մեր երկրում իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխավորմանն ու պաշտպանությանը, մարդու նկատմամբ բացարձակ հարգանքի ապահովմանը: 
Այդ աշխատանքն, իհարկե, չի կարող ցանկալի արդյունք ունենալ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և լրատվության միջոցների աջակցության: Միայն բոլորիս համատեղ ջանքերով ու հանրային բարձր պահանջի շնորհիվ կարող ենք ապահովել բարձր պատասխանատվություն ունեցող պետական համակարգ և հետևաբար՝ իրավունքների ողջ ծավալով իրականում օժտված քաղաքացիներ: 


Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։